«Սպուտնիկ V»-ի համաճարակաբանական արդյունավետությունը կազմել Է ավելի քան 91 տոկոս
Հետգրանցումային հետազոտությունների տվյալների միջանկյալ անալիզը ցույց Է տալիս, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»- պատվաստանյութի համաճարակաբանական արդյունավետությունը կազմում Է ավելի քան 91 տոկոս: Այդ մասին, հայտարարել Է ՌԴ առողջապահության նախարարության Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ի ախտածին միկրոօրգանիզմների գենային ինժեներիայի լաբորատորիայի ավագ գիտարշախող Դարյա Եգորովան:
«Ներկայում մենք պատվաստանյութի համաճարակաբանական արդյունավետության միջանկյալ անալիզի վերաբերյալ արդեն տվյալներ ունենք՝ ըստ ներկայում ընթացող երրորդ փուլի արդյունքների: Այդ տվյալները հրապարակման գործընթացում են, ես հուսով եմ, որ գիտական լայն հասարակայնության համար դրանք հասանելի կլինեն հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում: Կարող եմ համառոտ ծանուցել, որ պատվաստանյութի համաճարակաբանական արդյունավետությունը կազմել Է ավելի քան 91 տոկոս, այն այդպիսին Է եղել հիվանդների միանգամայն տարբեր ենթախմբերի համար՝ անկախ նրանց սեռից ու տարիքից»,-ասել Է Եգորովան՝ հանդես գալով ՌԴ Գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի «Գիտություններ՝ կյանքի մասին» առցանց-ժողովում: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցել Է 2020 թվականի օգոստոսին, որը մշակել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ն՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:
Այն դարձել Է COVID-19-ի կանխարգելման՝ աշխարհում առաջին պատվաստանյութը: «Սպուտնիկ V»-ն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված եւ ստուգված հարթակի վրա, որի կարեւոր առավելություններն են՝ անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը 90 տոկոսից բարձր Է, պատվաստանյութը լիակատար պաշտպանություն Է ապահովում կորոնավիրուսով հիվանդության ծանր դեպքերից: ՌԴ առողջապահության նախարարության Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ի փոխտնօրեն Դենիս Լոգունովը հունվարի 20-ին հայտնել Է, որ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները դեռ շարունակվում են, բայց կամավորների հավաքագրումն արդեն ավարտվել Է, պատվաստանյութի երկու բաղադրամասերն ստացել Է 31,5 հազար կամավոր, առաջին բաղադրիչը՝ 33 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ