Ալեն Սիմոնյանը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:
Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վիճակով, որի դեմ մահափորձ է կատարվել այսօր:
Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Երկուստեք բարձրաձայնվել է մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը:
«Ճապոնիան մեզ համար կարևորագույն գործընկեր է, և Հայաստանը շահագրգիռ է առևտրատնտեսական կապերի խորացմամբ, մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ, կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմամբ, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցության խորացմամբ»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կարևորությանն առնչվող հարցեր:
Ճապոնիայի դեսպանը կարևորել է ինտենսիվ փոխգործակցությունը տարբեր մակարդակներում՝ նշելով, որ շատ հաճախ ժողովրդական դիվանագիտությունն ավելի արդյունավետ դեր է ստանձնում՝ օգնելով դասական դիվանագիտությանը:
Կարծիքներ