Արցախում յոթ օրում սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել
Մարտի 20-27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 39 հաղորդում, որից 22-ը հանցագործության վերաբերյալ: Դրանցից 19-ն ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և քննության փուլում են:
Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Արձանագրվել և բացահայտվել է 3 դեպք:
Շաբաթվա ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և հափշտակության՝ մեկական, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խարդախության երկուական դեպքեր, ինչպես նաև նախկինում կատարված 1 հանցագործություն: Միջոցներ են ձեռնարկվում խարդախության մեկ դեպքի բացահայտման և մյուս հանցատեսակների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ:
Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը, տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է 3 դեպք:
Յոթ օրվա ընթացքում սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել: Ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Վերջիններս Մարտունու շրջանի Թաղավարդ և Մաճկալաշեն համայնքների հողատարածքներում զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով: Ոչ ոք չի տուժել: Հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 10 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 8-ը՝ նյութական վնասով, 2-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի:
Մահվան ելքով մեկ դեպք է գրանցվել մարտի 22-ին՝ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին: 46-ամյա վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի ձախ և շրջվել։ Պատահարի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 12 վարորդ, 15-ը եղել են անսթափ վիճակում, 26 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
Կարծիքներ