Հաղթանակի ու հայի վերապրելու խորհրդանիշ. Բերձորի ազատագրման 29-ամյակի առթիվ
Մոտ 30 տարի առաջ այս օրերին խորհրդային բանակի օժանդակությամբ ադրբեջանական զորքը «Օղակ» ռազմագործողության շրջանակներում հայաթափ արեց նաեւ Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի 4 գյուղ:
Ձերբակալվեցին բոլոր տղամարդիկ եւ տեղափոխվեցին Շուշի ու Լաչին: Իր տան նկուղում գնդակահարվեց Անուշավան Գրիգորյանը, ով Երեւանից ընտանիքով տեղափոխվել էր հայրենի գյուղ եւ զբաղված էր ինքնապաշտպանության խնդիրներով: Գնդակահարվեց, քանի որ պաշտպանել էր հղի կնոջը: Թուրքերը Բաքու տարան եւ տանջամահ արեցին Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի փոխնախագահ Առնո Մկրտչյանին ու եղցահողցի Հրաչին: Այդ օրերին Գորիսի շրջանի Տեղ գյուղում հանդիպեցի բերդաձորցիներին, տեղահանված հադրութցիներին` Խնձորեսկի մոտակայքում: Մեկ տարի անց տեղի ունեցավ արդեն մեր ժողովրդի հաղթանակը: 1992 թ. մայիսի 8-9-ին ազատագրեցինք Շուշին, մայիսի 17-ին վերստին տուն դարձան բերդաձորցիները, եւ մայիսի 18-ին թուրքը հեռացավ Լաչինից ու Զաբուղից:
29 տարի առաջ այս օրը՝ մայիսի 18-ին, կայացավ Արցախյան շարժման մեր կանչը՝ ՄԻԱՑՈՒՄ-ը: Բացվեց ցամաքային ճանապարհը, եւ Արցախ-մայր հայրենիք կապը հեշտացավ: Մեկ տարի անց ազատագրեցինք նաեւ Արցախը Սյունիքից անջրպետող տարածքները՝ Հակարի գետի ողջ ավազանը: 1993 թ. դեկտեմբերի 2-ին ԱՀ Ազգային ժողովի որոշմամբ ստեղծվեց Արցախի 7-րդ շրջանը՝ Քաշաթաղը, որի վարչական կենտրոնը դարձավ Լաչինը՝ վերանվանվելով պատմական Բերձոր: 1994 թ. գարնանը Բերձոր եկան առաջին վերաբնակիչները, մինչ այդ Զաբուղ՝ Աղավնո էին արդեն եկել առաջին հայ բնակիչները՝ Մարաղայից, Չայլուից, Գետաշենից: Տարիների ընթացքում ավերակներից հառնեցին Քաշաթաղի բնակավայրերը, բացվեցին դպրոցներ, որոնցից առաջինը՝ 1994-ի սեպտեմբերի 1-ին՝ Բերձորում, ապա՝ Աղավնոյում...
Մինչեւ 2020 թ. պատերազմը Քաշաթաղի շրջանում կար 52 հանրակրթական դպրոց: 54 համայնքից 4-ը՝ Բերձոր, Կովսական, Միջնավան եւ Որոտան, քաղաքային էին: Տարիների ընթացքում քաշաթաղցիները շրջանի տարածքում մշակում էին 25000 հեկտար եւ ավելի հողատարածք, զբաղվում էին անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ: Հատկապես վերջին տարիներին տնկվեցին մի քանի հարյուր հեկտար այգիներ՝ նռան, արքայանարնջի, ձիթենու եւ այլն: Բերձորը դարձել էր մշակութային քաղաք: Ուներ 300-400 սաներով արվեստի դպրոց՝ մասնաճյուղերով, մանկապատանեկան մարզադպրոց՝ դարձյալ մասնաճյուղերով, քաղաքային գրադարան, երկրագիտական թանգարան, 2 հանրակրթական դպրոց՝ ընդհանուր 400-ից ավելի աշակերտով, մանկապարտեզ, շրջանային պաշտոնաթերթ՝ «Մերան»:
Քաղաքի կենտրոնում է Արցախյան գոյամարտում մարտիրոսված հերոսներին նվիրված հուշահամալիրը՝ 3 խոնարհված պատերով, որոնց վրա փորագրված են 300-ից ավելի նահատակ քաջորդիների անունները, ովքեր ընկան Քաշաթաղի շրջանի ազատագրական եւ պաշտպանական մարտերում: Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին այս հուշահամալիրում կայանում էր քաղաքի ազատագրմանը նվիրված տոնական հանդիսավոր միջոցառում, որն ուղեկցվում էր մարզական ու մշակութային խաղերով, մրցույթներով, համերգներով: Բերձորը դարձել էր հաղթանակի ու հայի վերապրելու խորհրդանիշ: Իսկ ընդհանրապես Քաշաթաղի շրջանը հայոց ազատագրական պայքարի ու հաղթանակի խորհուրդն էր կրում իր մեջ:
Ազատագրումից հետո հնարավորություն ստեղծվեց նաեւ ուսումնասիրելու մեր հայրենիքի պատմությունը, որի վկաներն են մի քանի տասնյակ եկեղեցիներն ու մատուռները, հարյուրավոր խաչքարերն ու տապանաքարերը, ամրոցներն ու բնակատեղիները, կամուրջներն ու աղբյուրները, ջրաղացները: Քաշաթաղ պատմական անունը պատահական չէր ընտրված: Ներկայիս Քաշաթաղն իր մեջ էր առել մեր պատմության անցյալը եւ դարձրել ներկա: Կովսականն ու Քաշունիքը, Հաբանդն ու Վայկունիքը, Բերդաձորն ու Գրհամը միավորվել, դարձել էին Քաշաթաղ-հաղթանակի ու միացումի կենտրոն:
Արդեն կես տարի է՝ փոխվել է իրավիճակը, եւ 30 տարի անց կրկին թուրքին թողեցինք մեր հայրենիքը: Մնացել է ճանապարհը, որն անցնում է Բերձորով, Բերդաձորով, բռնազավթված Շուշիի տակով եւ հասնում Ստեփանակերտ: Այս տարի ազատագրումից հետո առաջին անգամ այլ շուքով է տոնվելու Բերձորի ազատագրման օրը: Քաղաքի հուշահամալիրում դարձյալ ծաղիկներ են խոնարհվելու տարածքի խաչքարերի ու 3 պատի մոտ:
Մնում է հուսանք՝ դարձյալ տեր ենք դառնալու մեր պատմական հայրենիքին, եւ Բերձորի ազատագրումը կմնա մեր ժողովրդի փառավոր էջերից մեկը:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Կարծիքներ