Կարմիր խաչը ԼՂ տարածք, սահմանային հատվածներ մուտք կունենա հայկական և ադրբեջանական կողմերից

Կարմիր խաչը ԼՂ տարածք, սահմանային հատվածներ մուտք կունենա հայկական և ադրբեջանական կողմերից

Լեռնային Ղարաբաղի տարածքում և սահմանային հատվածներում թույլատրվել է ԿԽՄԿ-ի մուտքը և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերից: Ինչպես հայտնում է 1lurer.am-ը, այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Կարմիր խաչի Ռուսաստանի, Բելառուսի և Մոլդովայի գծով տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը:

«Մեզ համար կարևորագույն հարցը մուտքի անվտանգությունն է: Ինչպես գիտեք՝ իրավիճակը տարբեր զարգացումներ է ունենում, հատկապես՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Մեզ համար ամենակարևոր խնդիրը այնտեղ աշխատող մեր գործընկերների անվտանգությունն է: Մենք մուտքի իրավունք ունենք հայկական և ադրբեջանական կողմերից»,-հայտարարել է Իխտիյար Ասլանովը:

Նա ընդգծել է, որ Կարմիր խաչն այս տարածաշրջանում աշխատող միջազգային հազվադեպ կազմակերպություններից մեկն է:

«Հակամարտության սրման ժամանակ մեր գործունեությունը չի դադարել: Մենք այսօր էլ աշխատում ենք: Բնականաբար, իրավիճակը փոխվում է, և դրա հետ մեկտեղ փոխվում են նաև մարդկանց կարիքները: Իրավիճակից ելնելով՝ մենք փոխում ենք նաև մեր ծրագրերն ու մոտեցումները»,- հավելել է միջազգային կազմակերպության ղեկավարը:

ԿԽՄԿ-ն հրատապ հումանիտար խնդիրներ լուծելու երկարատև աշխատանք ունի կատարելու, մասնավորապես՝ զոհվածների աճյուններ որոնելը, փախստականների ու տեղահանվածների կարիքները հոգալը, ջրով ու դեղորայքով ապահովելը: Այս գործընթացն իրականացնելու համար ավելացվել է այս տարածաշրջանի՝ ԿԽՄԿ-ի բյուջեն: Հումանիտար կարիքները հոգալու համար տրամադրվել է շուրջ 45 մլն շվեյցարական ֆրանկ: Ավելացել է նաև աշխատակիցների թիվը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում