Կկայանա Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ կկայանա Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
«Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի ներկայացումները Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայում տեղի կունենան հուլիսի 16-ին, 17-ին՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, 19-ին, 20-ին՝ դիրիժոր Սուրեն Շահիջանյանի ղեկավարությամբ: Ներկայացումների սկիզբը ժամը 20:00-ին է։
Գլյուկի 18-րդ դարի այս անմահ օպերան Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի բեմում կհնչի ԵՊԿ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի, ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, Ֆրանսիայից ժամանած դիրիժոր Սուրեն Շահիջանյանի, ռեժիսոր Վռամ Կարապետյանի, հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի, խորեոգրաֆ Արման Բալմանուկյանի և ուրիշների ջանքերի շնորհիվ: Նշենք, որ ներկայացման պաստառի նկարիչը Տիգրան Ձիթողցյանն է։
Այս յուրօրինակ բեմադրության գլխավոր գործող անձինք են Կոնսերվատորիայի լավագույն ուսանողները, իսկ օպերային ներկայացման նվագախումբը՝ վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Կարծիքներ