Աշխարհաքաղաքական փոփոխություններ և տեխնոլոգիական զարգացում. ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո Դիլիջանում կանցկացվի «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը

Աշխարհաքաղաքական փոփոխություններ և տեխնոլոգիական զարգացում. ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո Դիլիջանում կանցկացվի «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը

Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds»), որն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 23-24-ը, Դիլիջանում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի գրասենյակից:

«Դիլիջանում անցկացվող՝ արդեն ավանդական դարձած «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն այսօր հայկական յուրօրինակ բրենդ է դարձել: Այն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը»,- նշվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ը 2019 թվականից հյուրընկալվում է նաև Հայաստանում՝ ստանալով «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը: Դրա կազմակերպման վերաբերյալ բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս, մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ին:

Ընդգծվում է, որ «Մտքերի գագաթնաժողով»-ը համախմբում է քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքերի՝ աշխարհի տարբեր երկրներից: Այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման յուրատեսակ հարթակ է, որի հիմնական նպատակն է համաշխարհային առումով կարևոր հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը:

Գագաթնաժողովն այս տարի կրելու է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: Այն կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի երկխոսությամբ:

Լիագումար նիստերի քննարկումները վերաբերելու են երկու հիմնական թեմաների՝ աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին և տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում: Գագաթնաժողովի շրջանակում կներկայացվի նաև գալիք տարի Հայաստանում անցկացվելիք գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի ծրագիրը:

Հաշվի առնելով համավարակի հետ կապված իրավիճակն աշխարհում՝ մասնակիցների մի մասը գագաթնաժողովի աշխատանքներին կմասնակցի առցանց: Այս տարվա գագաթնաժողովի մասնակիցների շարքում են երկրների նախկին ղեկավարներ, միջազգային հեղինակավոր փորձագիտական և վերլուծական կենտրոնների, միջազգային կազմակերպությունների, տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ղեկավարներ, աշխարհի հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ, այդ թվում՝ Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի Ռեյը, Ռուսաստանի «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Yandex-ի փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանը, լեգենդար մարզիկ Ռոջեր Գրեյսին և այլք:

Խոսելով գագաթնաժողովը երրորդ անգամ Հայաստանում անցկացնելու մասին՝ «Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպիչ, «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն միջոցառումը համարել է լավ հնարավորություն՝ աշխարհի տարբեր երկրներից փորձագետների մասնակցությամբ քննարկումներ ծավալելու, մարտահրավերները մատնանշելու և լուծումներ առաջարկելու առումով: 

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալվել անձամբ Հայաստանի նախագահի կողմից: Հայաստանն աշխարհագրորեն փոքր երկիր է, սակայն, միևնույն ժամանակ, մեծ է՝ իր ազդեցիկության, ներգործության առումով: Բոլորը գիտեն հայերի ծագման և Հայաստանի արժեքի, հարստության մասին, մասնավորապես՝ հայկական սփյուռքի մասին, որը ներկայություն ունի աշխարհի շատ երկրներում: Հայաստանը նաև աշխարհաքաղաքական առումով շատ հետաքրքիր տեղ է զբաղեցնում: Կարծում ենք, որ Հայաստանի հետ այս գագաթնաժողովի համատեղ հյուրընկալմամբ, մենք կկարողանանք հետաքրքիր հնարավորություններ ստեղծել այս երկրի համար: Հայաստանն իրեն տեսնում է որպես ստարտափ ժողովուրդ և, աշխարհի շատ այլ փոքր երկրների նման, ունի ուժեղ ինտելեկտուալ և սոցիալական կապիտալ, լավ կրթություն, գիտակներ մաթեմատիկայի, ֆիզիկայի, գիտության բնագավառներում, ինչը երկրին հնարավորություն է ընձեռում առաջ շարժվել նորարարության և տեխնոլոգիաների ոլորտներում: Կարծում ենք, որ գագաթնաժողովը կօգնի Հայաստանին նյութականացնել այդ ամենը»,- ասել է Թիերի Մալըրեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում