Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան
«Ցանկացած երկրում հանրության մեջ կան և՛ իշխանությանն աջակցող, և՛ իշխանությունից դժգոհ քաղաքացիներ, մենք հետևում ենք բոլոր հարցումներին, հանրային տրամադրություններին, ընդունում ենք ի գիտություն, փորձում ենք աշխատել, որպեսզի այն բացթողումները որ կան՝ շտկվեն»:
Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հարցումների արդյունքով հասարակության 61 տոկոսը չի վստահում, ոչ՛ ընդդիմությանը, ո՛չ իշխանությանը:
«Կարծում եմ սա շատ բնական նորմալ գործընթաց է, որը հարիր է ժողովրդավարական երկրներին, և բնականաբար ցանկացած հարցման արդյունից բոլորս էլ մտածելու բան ունենք՝ և՛ մենք, և՛ ընդդիմությունը:
Բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ մենք իրականացնում ենք մեր ծրագրերը, կան ոլորտներ որտեղ մենք դա իրականացնում ենք բավարար, կան ոլորտներ որտեղ մենք ունենք դժրարություններ, բայց ես հիմա չեմ մտնի դետալների մեջ:
Այս ամեն ինչի վերաբերյալ գնահատականները տրվում է ընտրություններից ընտրություն, որի ժամանակ հանրությունը իր գնահատականը տալիս է, և՛ մեզ և՛ ընդդիմությանը»,- ասաց Կոնջորյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ 2026 թվականի ընտրությւոններին ՔՊ-ն չառաջադրվի՝ չմասնակցի, Կոնջորյանը պատասխանեց. «Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չառաջադրվի, բայց մենք նման հաճույք չենք պատճառի որոշ շրջանակների: Մենք ՀՀ ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական ուժ ենք, մենք մեր ժողովրդի հետ օրգանական կապի մեջ ենք և պորտալարով կապված ենք մեր ժողովրդին: Ունեմ համոզմունք, որ մենք ՀՀ-ում լրջագույն գործառույթներ ենք իրականացնում, իսկ վերջնական որոշողը ժողովուրդն է, կնտրի մեզ՝ կշարունակենք»:
Կարծիքներ