Արաբական պետությունների լիգան պատրաստ է օգնել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության հարցում
Արաբական երկրները կարող են օգնել Լիբանանին՝ հետաքննելու Բեյրութի ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունը: Այս մասին շաբաթ օրը Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ բանակցություններից հետո հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու Ալ Ղեյթը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԱՊԼ-ն ունի բոլոր հնարավորությունները այս ողբերգական դեպքի թափանցիկ եւ կառուցողական հետաքննությանը որակյալ աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է նա: «Մենք մեր պարտքն ենք համարում այդպիսի օգնություն ցուցաբերել՝ ճշմարտությունը պարզելու համար»: Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք պայթյունը լինել ահաբեկչական հարձակման կամ իսրայելական գրոհի հետեւանք, եգիպտացի դիվանագետն ընդգծել է, որ այս մասին կան բազմաթիվ ենթադրություններ: «Դեռեւս դժվար է որեւէ բան պնդել, կան բազմաթիվ վարկածներ, դա հաստատել է նախագահ Միշել Աունը»,- նշել է նա:
ԱՊԼ ղեկավարը հայտնել է, որ կիրակի օրը կմասնակցի Լիբանանի համար դրամահավաքի միջազգային համաժողովին, որը առաջարկել է կազմակերպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Արաբական պետությունները համերաշխության խորը զգացում ունեն Լիբանանի հանդեպ եւ կօգնեն նրան հաղթահարել ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ծանր հետեւանքները»,- ասել է դիվանագետը:
Ավելի վաղ համաժողովին իրենց մասնակցության մասին հաստատել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով հեռախոսով խոսել էր Լիբանանի նախագահի հետ: Հնարավոր է նաեւ, որ համաժողովին մասնակցի ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Ավելի վաղ Մակրոնը, ով հինգշաբթի այցելել էր Բեյրութի տուժած շրջաններ, հայտարարել էր միջազգային գիտաժողով կազմակերպելու մտադրության մասին, որպեսզի ֆինանսական ռեսուրսներ մոբիլիզացնեն՝ Լիբանանին օգնելու համար:
Կարծիքներ