«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասը
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի փառատոնի պատվավոր հյուրն է լինելու Կաննի և Բեռլինի փառատոնների գլխավոր մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասը։ Այս մասին տեղեկացրին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից:
«Կոստա-Գավրասի օսկարակիր «Z»-ը Օսկարի պատմության առաջին ֆիլմն է, որն առաջադրվել է թե՛ «Lավագույն ֆիլմ», և թե՛ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերում:
1982 թվականին «Անհետ կորած» ֆիլմի համար Կոստա-Գավրասն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» և «Օսկար» մրցանակի՝ լավագույն էկրանավորման սցենարի համար, իսկ «Երաժշտական արկղիկ»-ը (1989թ.) Բեռլինի 40-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակին:
Նա եղել է ֆրանսիական կինոյի նահապետ Ռենե Կլերի օգնականը և իր հերթին ազդեցություն է ունեցել այնպիսի ռեժիսորների վրա, ինչպիսիք են Օլիվեր Սթոունը և Սթիվեն Սոդերբերգը։
«Ոսկե ծիրան» -ից օրեր անց Լոկառնոյի կինոփառատոնը Կոստա-Գավրասին կշնորհի պատվավոր մրցանակ՝ կինոարվեստում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Ֆրանսիական Սինեմատեքի նախագահ Կոստա-Գավրասը մի քանի ամիս անց կդառնա 90 տարեկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից։
Կարծիքներ