Կորոնավիրուսի դեմ իրանական պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա կմեկնարկեն հաջորդ շաբաթ. Իրանի առողջապահության նախարար
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակող 4 իրանական ընկերություններից մեկը կսկսի մարդկանց վրա փորձարկումներ իրականացնել հաջորդ շաբաթ:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Սայիդ Նամակին: Նրա խոսքով՝ 12 իրանական ընկերություններ նախագծեր են ներկայացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրելու համար, որոնցից 4-ը նշանակալի առաջընթաց են գրանցել:
«Ընկերություններից մեկը թույլտվություն է ստացել կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար, որոնք կմեկնարկեն հաջորդ շաբաթ՝ կենդանիների վրա իրականացվող վերջնական փորձարկումների ավարտից հետո»,- ասել է նախարարը:
Պաշտոնյան նշել է նաև պատվաստանյութի ներքին պահանջարկը տարբեր մեթոդներով բավարարելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի 16.8 մլն չափաբաժին կներկրվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրի շրջանակներում: Ներկրվելիք դեղամիջոցը կօգտագործվի մոտ 8 մլն բնակչության պատվաստելու համար:
Իրանում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը գերազանցել է 894 հազարը, իսկ վիրուսից մահացության ցուցանիշը՝ 46 հազարը:
Կարծիքներ