Սենատի կողմից Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը երկսայր սուր է. Արսեն Խառատյան
«Ալիք մեդիա» հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ֆրանսիայի Սենատի բանաձևի մասին
Ֆրանսիայի աջակողմյան մեծամասնությամբ Սենատի կողմից Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևն ինչ խոսք պատմական փաստաթուղթ է, սակայն այս պահին հայերիս բարոյական աջակցությունից զատ` այն կարելի է համարել երկսայր սուր:
Մի կողմ դնենք, որ բանաձևը դեռեւս կարող է քննարկվել Ֆրանսիայի Ազգային Ժողովում, որտեղ երկրի քաղաքացիական հասարակությունն էական ներկայություն ունի:
Առավել էական է հասկանալ` ի՞նչ է անելու Ելիսեյան պալատը: Սա է էականը Արցախի հարցում ֆրանսիական քաղաքականության տեսանկյունից: Իսկ գործադիրը շատ բան ունի ծանրութեթև անելու` մասնավորապես.
Ճանաչման պարագայում ի՞նչ է լինելու Ադրբեջանի հետ Ֆրանսիայի ունեցած ռազմատեխնիկական համագործակցութան հարցը
Ի՞նչ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որի գոյության էֆեկտիվությունն արդեն իսկ կասկածի տակ է դրվել ռուսական խաղաղապահների մուտքով
Նման որոշման պարագայում Ֆրանսիան պատրա՞ստ է և կարո՞ղ է իր ողջ ռեսուրսով ֆորմալ մուտք գործել տարածաշրջան
Սրանք էական հարցեր են, որոնք կարող են ազդել Հարավային Կովկասի հետագա աշխարհաքաղաքական ճարտարապետության վրա: Մասնավորապես, եթե սա իրական փորձ է ռուս-թուրքական ծիրին հակակշիռ դառնալու, ապա շատ արագ պետք է տեսնենք հենց գործադիրի կոնկրետ քայլեր, հակառակ պարագայում նույնանման կարեկցանք տեսել ենք նաև 105 տարի առաջ:
Անկախ ամենից, հայերիս համար հոգեբանական այս բարդագույն փուլում ֆրանսիացիների բարոյական աջակցությունն ինչ խոսք գնահատելի է, բայց ոգևորությունից չկորցնենք իրականության զգացողությունը:
Կարծիքներ