Մեկնարկել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի այցը Վրաստան
Դեկտեմբերի 1-ին Պաշտպանը մասնակցել է իրավունքի գերակայության և բոլորի համար արդարադատության մատչելիության բարելավման Թբիլիսիի տարածաշրջանային համաժողովին և դրա շրջանակներում կազմակերպված պանելային քննարկմանը, որին ներկա էին միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, տարբեր երկրների մարդու իրավունքների պաշտպաններ։
Գերմանիայի կառավարության աջակցությամբ ՄԱԶԾ-ի վրաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառման նպատակն էր գնահատել իրավունքի գերակայության տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, այդ թվում` տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում։
Համաժողովի շրջանակներում քննարկվել են բոլորի համար արդարադատության մատչելիության ապահովման և խոցելի համայնքների պաշտպանության հետ կապված հարցեր, ներկայացվել է նշված բնագավառներում մասնակից երկրների փորձը։
Իր ելույթում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին իրավունքի գերակայության ու ժողովրդավարական արժեքների տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող միջոցառում նախաձեռնելու համար։ Պաշտպանն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհն այսօր կանգնած է տարբեր մարտահրավերների առաջ, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։
Այս համատեքստում նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների և ադրբեջանական ռազմական միջամտության արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
Անահիտ Մանասյանը խոսել է նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների մասին։
Պաշտպանը տարածաշրջանային համաժողովի մասնակից գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ներգրավվել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի նոր նախաձեռնություններին:
Թբիլիսի այցի շրջանակներում նախատեսված են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ:
Կարծիքներ