Լուկաշենկոն հայտնել է իր և իր երեխաների դեմ մահափորձ նախապատրաստող խմբի ձերբակալության մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բերման է ենթարկվել իր և իր երեխաների հանդեպ մահափորձ նախապատրաստող մարդկանց խումբը։ Նա հայտարարել է, որ խմբի պատրաստման գործում ներգրավված են ԱՄՆ հատուկ ծառայությունները: Լուկաշենկոյի ելույթի կադրերը հրապարակել է pul_1 Telegram հեռուստաալիքը: Փոխանցում է TACC գործակալությունը:
«Մենք ձերբակալել ենք խմբին, նրանք ցույց են տվել, որ այդ ամենը ծրագրել են... այնուհետև մենք պարզեցինք արտասահմանյան հատուկ ծառայությունների, ամենայն հավանականությամբ՝ ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի ակնհայտ աշխատանքը, չգիտեմ՝ ով է այնտեղ ամերիկացիներից աշխատել: Մենք բացահայտել ենք Մինսկում հայտնվելու և արդեն այնտեղ նախագահի ու երեխաների դեմ մահափորձ կազմակերպելու նրանց ցանկությունը»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ ձերբակալված անձինք ծրագրում էին առևանգել իր երեխաներին՝ մեկին, երկուսին, ինչպես կստացվեր: Նա հավելել է, որ մահափորձ կրկին պլանավորելու դեպքում իրենց պատասխանը շատ կոպիտ կլինի:
Սպուտնիկ Բելառուսի հաղորդման համաձայն՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն էլ Բելառուսում պետական հեղաշրջում անելու կասկածանքով Մոսկվայում ձերբակալել և Բելառուսի պետական անվտանգության ծառայությանն է փոխանցել ԱՄՆ և Բելառուսի քաղաքացիություն ունեցող Յուրի Զենկովիչին և Ալեքսանդր Ֆեդուտային։ Ըստ աղբյուրի՝ նրանք մտադրություն են ունեցել մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, Մինսկում պետական հեղաշրջում իրականացնել՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին ֆիզիկապես չեզոքացնելով։
Սպուտնիկը նաև հայտնել է, թե դրանից հետո նախատեսվում էր Բելառուսի կառավարումը փոխանցել «Ազգային հաշտեցման կոմիտեին»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե հեղաշրջման փորձը կանխելու մասին իրեն հայտնել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա, Լուկաշենկոյի խոսքով, մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է հեղաշրջման փորձի թեմային։
Կարծիքներ