Բայդենը և Էրդողանը քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում, Լիբիայում «դիվանագիտական ջանքերը» և իրադրությունը Միջերկրականի
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում, Լիբիայում «դիվանագիտական ջանքերը» և իրադրությունը Միջերկրականի արևելքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Բայդենը նաև երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ օգոստոսին Աֆղանստանում ավարտված ամերիկյան գործողությանը աջակցելու համար:
ԱՄՆ նախագահը, սակայն, նշել է ԱՄՆ-ի անհանգստությունն այն մասին, որ Թուրքիան տիրապետում է ռուսական Ս-400 համակարգերի, հայտնել Է Սպիտակ տունը:
Էրդողանի վարչակազմը Twitter-ում հայտնել է, որ դրական մթնոլորտում անցած բանակցություններում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային թեմաները։ Դրա տեղեկացմամբ՝ նախագահները «պայմանավորվել են համատեղ մեխանիզմ ստեղծել երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման համար»:
ՏԱՍՍ-ը նշում է, թե Թուրքիայում սպասում էին, որ նախագահների հանդիպումը Հռոմում կտևի մոտ 20 րոպե, բայց նրանք ավելի քան մեկ ժամ են խոսել:
Կարծիքներ