Նիուեն հայտնում է COVID-19-ի առաջին դեպքի մասին

Նիուեն հայտնում է COVID-19-ի առաջին դեպքի մասին

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն են արձանագրել Խաղաղօվկիանոսյան Նիուե կղզու երկրի իշխանությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Նոր Զելանդիայի ռադիոն՝ վկայակոչելով վարչապետ Դալթոն Թագելաղիին:

Վարչապետի խոսքով՝ վարակվածը Նոր Զելանդիայից երկիր է ժամանել 2022 թվականի մարտի 7-ին երկուշաբթի օրը և ժամանելուց անմիջապես հետո մեկուսացվել։ «Ներկայումս այս անձը գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Մինչև ուղևորությունը հիվանդը պատվաստվել է կորոնավիրուսի պատվաստանյութի երեք չափաբաժնով, Օքլենդում թռիչքից առաջ նա ստացել է COVID-19-ի երկու թեստի բացասական արդյունք», - ասել է Թագելաղին։ 

Օքլենդից թռիչքի մնացած ուղևորներին երկրի իշխանությունները խնդրել են միջոցներ ձեռնարկել ինքնամեկուսացման համար, սակայն մինչ այժմ նրանց կորոնավիրուսի թեստերի արդյունքները մնում են բացասական։ «Բոլորը, ովքեր ենթադրվում է, որ շփվել են վարակված անձի հետ, նույնպես մեկուսացվել են և կենթարկվեն հսկողության», - ասել է Նիուեի վարչապետը:

Համաճարակի ողջ ժամանակահատվածում երկրում COVID-19-ով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել, և Նիուեն համարվում էր կորոնավիրուսից լիովին ազատ պետություն։ Կղզու չափահաս բնակիչների գրեթե 100%-ը (2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Նիուեի բնակչությունը կազմում է 1,6 հազար մարդ) երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում