Ազգային գիտական լաբորատորիան ակտիվացնում է սփյուռքահայ գիտնականների հետ աշխատանքը
Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան իր աշխատանքներում ներգրավում է նաև սփյուռքահայ գիտնականներին: Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն, Նոտր Դամի համալսարանի Ֆրանկ Մ․ Ֆրայմանի ֆիզիկայի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Անի Ապրահամյանը նշեց, որ առաջիկա օրերին սփյուռքահայ ֆիզիկոսների խումբ կժամանի Հայաստան:
«Պատերազմից հետո սփյուռքահայերը ոտքի են կանգնել և պատրաստակամություն են հայտնում իրենց ներդրումն ունենալ գիտության ոլորտում: Հասկանում են, որ Հայաստանի ապագան կապված է գիտության հետ: Մենք կարող ենք գիտությունն ուժեղացնել, և Սփյուռքը պատրաստ է ամեն ձևով խրախուսել մեր ուսանողներին: Առաջիկա ուրբաթ օրը 12 սփյուռքահայ ֆիզիկոսներ կլինեն Հայաստանում, կաշխատեն տեղում: Հույս ունենք, որ այդ մասնագետների թիվը կմեծանա, առաջիկայում նոր խմբեր կունենանք: Ուսանողների համար պետք է այնպիսի պայմաններ ապահովել, որ նրանք զբաղվեն միայն գիտությամբ, կենտրոնանան գիտության վրա: Մենք հիմա մտածում ենք Հայաստանը կապել գիտությունը ֆինանսավորող ամերիկյան կազմակերպությունների հետ»,-նշեց նա:
Անի Ապրահամյանի խոսքով, Հայաստանում թե աշակերտների, թե ուսանողների շրջանում նկատվում է մեծ հետաքրքրություն գիտության նկատմամբ: Ազգային գիտական լաբորատորիայի հետ աշխատելու ցանկություն են հայտնել նաև ուսանողներ ԱՄՆ-ից: Դիմողներ կան, և 4 հոգի արդեն ընտրվել են: Առաջիկայում թե´ Հայաստանից, թե´ դրսից ուսանողներ ներգրավելու գործն ընդլայնելու նպատակ կա:
Անի Ապրահամյանը տեղեկացրեց, որ գիտական հարթությունում կազմել են համագործակցության նոր պայմանագրեր: Մասնավորապես, ԱՄՆ-ում կա նոր խոշոր ծրագիրը, որը կոչվում է «Electron-Ion Collider », որին Հայաստանի գիտնականները ևս մասնակցում են:
«Մինչ սա մեր ինստիտուտի գիտնականներն արդեն մասնակցում էին ԱՄՆ-ի Ջեֆերսոնի լաբորատորիայի աշխատանքներին: Հիմա, այս նոր ծրագրում մենք մասնակցության այլ մակարդակ ենք դնում: Պատրաստվում ենք լինել առաջնորդող, առաջ քաշել խնդիրների լուծումներ, վերցնել պատվերներ: Աշխարհում պայմանները շատ արագ փոխվում են, և պետք է մեր կապերն օգտագործենք զարգացում ապահովելու համար»,-ասաց նա:
Ազգային գիտական լաբորատորիայի կարևոր նախաձեռնություններից է միջազգային ստանդարտներին համապատասխանող գիտաարտադրական արհեստանոց կամ «մաքուր սենյակ» հիմնելը: 1 000 դասի «մաքուր սենյակ» Հայաստանում գոյություն չունի, և այդպիսի մաքուր միջավայրի ստեղծումը հնարավորություն կտա այնպիսի ուսումնասիրություններ իրականացնել, որոնք ներկայում հնարավոր չէ:
Կարծիքներ