ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի հարվածներ հասցնել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան հնարավորություն ունի արևմտյան զենքով հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքի ռազմական օբյեկտներին, քանի որ որոշ երկրներ երբեք Կիևին չեն արգելել դա անել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է իսպանական La Vanguardia պարբերականում հրապարակված հարցազրույցում։
«Ինքնապաշտպանության իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում։ Որոշ դաշնակիցներ իրականում երբեք սահմանափակումներ չեն մտցրել, օրինակ՝ Մեծ Բրիտանիան թևավոր հրթիռներով, այնպես որ դա այն է, ինչ արդեն տեղի է ունենում», - ասել է Ստոլտենբերգը։
«Կիևն իրավունք ունի պաշտպանվելու, և մենք իրավունք ունենք օգնելու նրան իրականացնել այդ իրավունքը, այդ թվում՝ Ռուսաստանում օրինական ռազմական օբյեկտների վրա հարձակումների միջոցով», - կարծում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո հայտնել էր, որ առայժմ միայն մեկ-երկու երկրներ են պատրաստ վերացնելու Ռուսաստանի տարածքին հարվածների համար Ուկրաինային մատակարարվող զենքի գործադրման սահմանափակումները։
Նույն հանդիպմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ դաշինքի երկրներն իրենք են առանձին-առանձին որոշում՝ վերացնել արդյոք Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին հարվածելու համար արևմտյան զենքի կիրառման սահմանափակումները։
Արձագանքելով այս հայտարարություններին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպական երկրների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ նրանց տարածքը փոքր է և խիտ բնակեցված։
Կարծիքներ