Ազգային գիտական լաբորատորիան հինգ ամսից կունենա նոր կրիոգեն կայան

Ազգային գիտական լաբորատորիան հինգ ամսից կունենա նոր կրիոգեն կայան

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան կունենա նոր կրիոգեն կայան, արդիականացման գործընթացն սկսված է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գիտական քարտուղար Արփինե Փիլոյանը նշեց, որ պայմանագիրն արդեն կնքված է:

«Ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանի, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի, ամերիկահայ բժշկական համայնքի ջանքերով հնարավոր է եղել արդիականացման համար գումար գտնել: Պայմանագիրը կնքված է, նոր կայանը սկսել են պատրաստել, հինգ ամսից կունենանք նոր արդիականացված կայան, որը գրեթե չի զիջում նախորդին: Կրիոգեն կայանն ավելի մեծ թափով կօգնի բարձր որակի թթվածնի արտադրման գործում և ոչ միայն, նախատեսված է նաև ազոտի արտադրություն, որը օգտակար կլինի անվտանգության հարցերով և որոշ չափումների համար»,-ասաց Արփինե Փիլոյանը:

Գործող կայանը հիմնադրվել է 1978 թվականին: Ստեղծվել էր մի իրավիճակ, ըստ որի, կայանի աշխատանքը վտանգված էր, կարող էր անդառնալի հետևանքներով զարգացում լինել: Ամեն վայրկյան կարող էին սարքավորումները պարզապես չդիմանալ: Հետևաբար, կայանի արդիականացումը խիստ անհրաժեշտություն է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում