Տիխանովսկայան ԱՄՆ-ին խնդրել է հասնել Լուկաշենկոյի միջազգային մեկուսացմանը

Տիխանովսկայան ԱՄՆ-ին խնդրել է հասնել Լուկաշենկոյի միջազգային մեկուսացմանը

Բելառուսի ընդդիմության առաջնորդ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ԱՄՆ-ին խնդրել է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի պետական ձեռնարկությունների, իրավական համակարգի և օլիգարխների դեմ, հորդորել է Վաշինգտոնին օգտագործել իր դիվանագիտությունը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին միջազգային մակարդակով մեկուսացնելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում պատժամիջոցներ կիրառել պետական ձեռնարկությունների, իրավական համակարգի ու օլիգարխների դեմ: Պատժամիջոցներն ամենաարդյունավետ միջոցներից մեկն են»,-ասել է Տիխանովսկայան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային կոմիտեում կայացած լսումների ժամանակ:

Միջոցառումն անցկացվել է առցանց: Տիխանովսկայան նաև կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել իր դիվանագիտական կարողությունները Լուկաշենկոյի միջազգային մեկուսացմանը հասնելու համար: «Մենք ԱՄՆ-ին հորդորում ենք օգտագործել իր դիվանագիտությունը Լուկաշենկոյին մեկուսացնելու համար` զսպելով միջազգային պայմանագրերը Լուկաշենկոյի ռեժիմի և այլ երկրների միջև»,-ասել է նա:

Տիխանովսկայան կոչ է արել նաև մեկուսացնել Բելառուսի իշխանություններին «քաղաքականապես և տնտեսապես»:

Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն (ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը), երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն  է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում