Գերմանիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին ու ՌԴ-ին կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

Գերմանիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին ու ՌԴ-ին կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները Բեռլինում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային
Կովկասում տիրող իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը:

Բուրբոկն ընդգծել է, որ իրավիճակը Հարավային Կովկասում բարդ է: Բուրբոկը կարևորել է Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև կայացած քառակողմ հանդիպման արդյունքները, որով կողմերը վերահաստատել են 1991 թվականին ընդունված Ալմաթիի հռչակագիրը՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը: Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ դա կարևոր որոշում է տարածաշրջանի համար: «30 տարուց ավել է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կա, որը մեծ աղետների է հանգեցրել: Բազմաթիվ մարդկային կյանքեր են կորսվել, բազմաթիվ տներ և շինություններ են ավերվել: Մենք գիտենք, որ առկա վերքերը շուտ չեն բուժվելու»,- ասել է Բուրբոկը:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիրական բարդ կացությունը հակամարտության տխուր հետևանքներից մեկն է: Նա արձանագրել է, որ դեկտեմբերի կեսերից արգելափակված է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում սննդի, դեղորայքի, կենսական անհրաժեշտության այլ ապրանքների պակաս կա: Նա նաև ընդգծել է, որ էներգամատակարարման և գազամատակարարման խափանումների պատճառով Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է կրթական հաստատությունների աշխատանքը: «Կարևոր է, որպեսզի Լաչինի միջանցքի շրջափակումն ավարտվի, և կարծում ենք, որ այստեղ Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է կատարեն իրենց պարտականությունները»,- շեշտել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում