Հունիս ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը

Հունիս ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է առաջիկա ամսվա՝ հունիսի կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը:

Ըստ այդմ՝ հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն: Ցերեկվա տևողությունը մայիսի համեմատությամբ ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որը ամենաերկարն է տարվա ընթացքում:

Հունիս ամսվա եղանակային ռեժիմի և տեղումների բաշխման էական առանձնահատկությունն է հանրապետության հյուսիսային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում, իսկ հարավային կեսում ամսվա առաջին կեսին դեռևս զգալի ցիկլոնների, մթնոլորտային ճակատների, ինչպես նաև ներզանգվածային պրոցեսների առկայությունը:

Ամսվա երկրորդ կեսին հանրապետության հարավային շրջանները գտնվում են մերձավոր արևելքի տաք օդային զանգվածների շրջանառության ներքո, որի հետևանքով տեղումների քանակը զգալիորեն պակասում է:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում են ամպրոպներ, կարկուտ, ինչպես նաև ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ: Հորդառատ անձրևները լեռնային շրջաններում պատճառ են հանդիսանում սելավների, որոնք կարող են տնտեսությանը զգալի վնաս հասցնել:

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22...+23°C:

Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22...+23°C:

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +14...+16°C:

Լոռու մարզում՝ +16...+18°C, Տավուշի մարզում՝ +18...+20°C:

Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +22...+23°C, լեռնային շրջաններում՝ +14...+16°C:

Սյունիքի հովտային շրջաններում +22...+25°C, նախալեռնային շրջաններում՝ +15...+17°C:

Արցախում կանխատեսվում է +22...+25°C։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում