Տավուշի մարզի ուսուցիչները վերապատրաստումների համար կրեդիտներ կստանան

Տավուշի մարզի ուսուցիչները վերապատրաստումների համար կրեդիտներ կստանան

ՀՀ Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի փորձարկման նպատակով վերապատրաստված ուսուցիչները կստանան կրեդիտներ, որոնք հետագայում հաշվի կառնվեն ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման ժամանակ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է ՀՀ Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկման շրջանակում «Այբ» և «ԿԶՆԱԿ» հիմնադրամների կողմից իրականացվող ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ցանկը:

Համաձայն հրամանի` հանրակրթական պետական չափորոշչի փորձարկման նպատակով «Այբ» և «ԿԶՆԱԿ» հիմնադրամների վերապատրաստումների մասնակցության համար ուսուցիչները կստանան 9-ական կրեդիտ: Վերապատրաստումների ծրագրում ներառված են «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» (0,5 կրեդիտ), «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» (1 կրեդիտ), «Մասնագիտական զարգացում» (7,5 կրեդիտ) դասընթացները:

«ԿԶՆԱԿ»-ն իրականացնում է հումանիտար և հասարակագիտական, «ԱՅԲ» հիմնադրամը` ԲՏՃՄ բնագավառի առարկաների ուսուցիչների վերապատրաստումները:

Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն առկա և հեռավար ձևաչափով` մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում