Հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք ԼՂ-ում, տեղափոխվել է Հայաստան. վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային:
Ողջունելով տիկին նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը նշել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ, Ֆրանսիային և նախագահ Մակրոնին՝ այս դժվար ժամանակներում Հայաստանի կողքին հստակ լինելու համար, և նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար:
Ըստ էության, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների զոհ դարձավ, և ցավոք միջազգային մեխանիզմները հնարավոր չեղավ գործարկել: Ըստ էության, մենք գործ ունենք նախապես հայտարարված էթնիկ զտման իրականացման հետ: Այս առումով, իհարկե, հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք Լեռնային Ղարաբաղում, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:
Մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ինչը նույնպես կարծում եմ, միջազգային ուշադրության կենտրոնում պետք է լինի»:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը կարողանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոսքը որոշակի կառավարելիության ներքո պահել, մարդկանց ամենակենսական անհրաժեշտությունները բավարարվում են պետության և նաև մի շարք միջազգային գործընկերների աջակցությամբ:
«Բայց, իհարկե, Հայաստանի կառավարությունն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի միջազգային գործընկերներից, որպեսզի նաև կարողանանք միջնաժամկետ և երկարաժամկետ հումանիտար խնդիրներ լուծել: Մեր այս միջավայրում շատ կարևոր եմ համարում մեր երկրների միջև երկկողմ օրակարգի հարցերի հասցեագրումը: Դրանք, իհարկե, քաղաքական երկխոսության հարցեր են, միջազգային հարթակներում համագործակցության հարցեր, տնտեսական համագործակցության հարցեր»,- ասել է վարչապետը:
Կարծիքներ