Ոստիկանության պետն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Մայիսի 14-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեցլ է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին։
Ողջունելով դեսպանին՝ ոստիկանության պետը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել։
Վահե Ղազարյանն ընդգծել է, որ սա Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի առաջին այցն է ոստիկանություն, ինչը կնպաստի երկու կողմերի համագործակցության զարգացմանը։
Ոստիկանության պետը նշել է, որ երկու երկրների իրավապահ կառույցները ներկայումս համագործակցում են Ինտերպոլի շրջանակներում։ Ընդգծելով, որ հանցավորությունը ազգություն չի ճանաչում, Վահե Ղազարյանն այդ համատեքստում կարևորել է կազմակերպված հանցավորության, կիբերհանցավորության դեմ պայքարի շրջանակներում, նաև պարեկային ծառայության և համայնքային ոստիկանության ոլորտներում երկկողմ համագործակցություն ձևավորելու հնարավորությունը։
Ֆուկուսիմա Մասանորը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա քաղաքացիների անվտանգության ապահովման գործում մասնավորապես կարևորել է ոստիկանության աշխատանքը։
Հանդիպմանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում համավարակի դեմ պայքարի աշխատանքից։
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կարծիքներ