Վարդենիս քաղաքում բացվեց Մոնթե Մելքոնյանի կիսանդրին և նրա անվան պուրակը
Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 64-ամյակի կապակցությամբ Վարդենիս համայնքի Խաղաղության հրապարակում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի և նրա անվան պուրակի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի համայնքապետարանի և քաղաքացի Գևորգ Գապոյանի նախաձեռնությամբ ու համատեղ ֆինանսավորմամբ կառուցված պուրակի և հուշարձանի բացումը նախատեսված էր անցկացնել դեռ անցյալ տարվա ընթացքում, սակայն այն հետաձգվեց՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության տարածման վտանգով և այնուհետ Արցախյան 44-օրյա պատերազմով:
Արարողության մեկնարկին Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Հայկ Պետրոսյանը և Գևորգ Գապոյանը կտրել են պուրակի ժապավենը ՝ պաշտոնապես բացելով կիսանդրին, ապա հանդես եկել հիշատակի և ոգեկոչման խոսքերով:
Զինվորականների կողմից ծաղկեպսակ է դրվել հուշարձանի առջև, որից հետո Արցախյան պատերազմներում հերոսաբար զոհված քաջորդիների հիշատակին մատուցվել է հոգեհանգստի կարգ՝ ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ, Տեր Տարոն քահանա Հունանյանի:
Արարողությանը ներկա են գտնվել հուշարձանի նախագծման հեղինակ, ճարտարապետ Համլետ Գասպարյանը, քանդակագործ Արթուր Շահինյանը, ուժային կառույցների ղեկավարներ, հյուրեր, վարդենիսցիներ:
Արարողությունը եզրափակել են Վարդենիս համայնքի հանրակրթական դպրոցների սաները՝ հանդես գալով Մոնթե Մելքոնյանի հեղինակային խոսքերով, նրան ձոնված բանաստեղծություններով ու երգերով:
«Մոնթե Մելքոնյանն այն առասպելական հերոսն է, որի անունը ոչ միայն ապրում է մեր սրտերում, այլ նաև ապրեցնում է Հայաստանն ու Արցախը, սերունդների առջև կանգնում ազգապահպան ողջ հմայքով։ Նրա անունն այսօր հպարտորեն կրում են Վարդենիս համայնքի բազմաթիվ երիտասարդներ ու մանուկներ, ովքեր կշարունակեն Մոնթեի անմահ գործերը»,- ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։
Կարծիքներ