Արթիկում կկառուցվի համայնքային արևային կայան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ Արթիկ համայնքին տրամադրվել է 600 կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա։
Հանրապետության համայնքներից Արթիկն առաջինն է, որ ստացել է արևի մաքուր, կանաչ ու անվճար էներգիան շահավետ օգտագործելու և համայնքային բյուջե հավելյալ եկամուտներ ապահովելու հնարավորություն։ Ի դեպ, ՀՀ կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կատարված բարեփոխումների շնորհիվ, համայնքների համար այսուհետ գործելու է արևային էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզավորման առանձին կարգ:
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակներում «Էներգախնայողության աջակցման հիմնադրամի» և «Համայնքների Միության» նախաձեռնությամբ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում պետք է կառուցվի 600 կՎտ հզորությամբ համակարգային արևային ֆոտովոլտային կայան, որի արտադրած էլեկտրաէներգիան վաճառվելու է հայկական Էլեկտրական ցանցին։ Կայանի շինարարության համար կայացած մրցույթում, լավագույն առաջարկով, ընտրվել է ,,ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ,, /EcoVille Solar Technologies/ ընկերությունը, որը շուտով կսկսի կայանի շինարարությունը։ Արթիկում կառուցվելիք կայանը կապահովի մոտ 20 մլն. դրամ հավելյալ եկամտային հոսքեր համայնքային բյուջե, որոնք կուղղվեն կայուն զարգացմանը միտված նոր ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը:
Էներգախնայողության աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն, EU4ASEP ծրագրի ղեկավար Աստղինե Պասոյանը նշել է, որ Էներգախնայողության աջակցման հիմնադրամի նպատակներից է ոչ միայն արևային համակարգերի ներդրումը, այլև Հայաստանում կայուն էներգետիկայի խթանման նորարական բիզնես մոդելների և նպաստավոր օրենսդրական դաշտի ստեղծումն ու զարգացումը: Հուսանք, որ Արթիկի կայանի օրինակին կհետևեն բազմաթիվ այլ համայնքային կայաններ։
Կարծիքներ