ԵՊՀ-ն նոր միջազգային գործընկերներ ունի. բուհերի միջև իրականացվելու են ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը 2022 թ. հունիսի 12-ից մինչև հունիսի 24-ը պաշտոնական այցով գործընկերների գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում ունեցել է հանդիպումներ և քննարկումներ՝ միտված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցային ծրագրերի իրագործմանն ու նոր կապերի հաստատմանը:
Այցելության շրջանակում եղել են Թեհրանի համալսարանում, հանդիպել բուհի ղեկավար կազմի հետ և քննարկել առկա համագործացկության ընդլայնման ուղիներն ու հեռանկարները: Բուհի նախագահ, պրոֆեսոր Սեյեդ Մոհամմադ Մողիմին ռեկտորի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Թեհրանի համալսարանի մասնաճյուղ բացելու մտադրության մասին. ի դեպ, այս համալսարանն ունի 50 ֆակուլտետ, 130 ամբիոն և մոտ հազար ուսումնառության ոլորտ:
Հանդիպման ժամանակ Հ. Հովհաննիսյանը նշել է նաև, որ Հայաստանում պարսկերենի և պարսից գրականության նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, ուստի ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում ակնկալվում են նաև այս ոլորտներում փորձի փոխանակման ու գիտական կարողությունների փոխանցման հնարավորությունների ընդլայնում:
Մեկ անգամ ևս արձանագրվել է, որ ԵՊՀ-ի և Թեհրանի համալսարանի համագործակցությունը կառուցողական և դրական դեր է ունենալու նաև երկու երկրների տնտեսական ու սոցիալական հարաբերությունների զարգացման գործում:
Պաշտոնական այցի շրջանակում ԵՊՀ ռեկտորը հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ ու նրա հետ խոսել թեմի գործունեության, իրանահայերին հուզող խնդիրների, հոգևոր կյանքին առնչվող հարցերի, իրականացվող մշակութային միջոցառումների և կրթական ծրագրերի մասին:
Սրբազանի հետ քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղիներն ու ԵՊՀ-ի և Իրանում հայ համայնքի միջև կապերի սերտացմանն ուղղված ծրագրեր:
Իրանում պաշտոնական այցի շրջանակում այցելել են նաև Ղոմի կրոնների և դավանանքների համալսարան, հանդիպել նախագահի և ֆակուլտետների դեկանների հետ, ծանոթացել բուհի պատմությանը, գործունեության հիմնական ուղղություններին ու իրականացվող ծրագրերին։
Երկու բուհերի միջև համագործակցային հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանի նախագահ դոկտոր Սեյեդ Աբոլհասան Նավաբի հետ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
ԵՊՀ-ն նոր գործընկեր համալսարանի հետ այսուհետ իրականացնելու է ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրագործելու են հետազոտական համատեղ նախագծեր, կազմակերպելու են տարաբնույթ միջոցառումներ և կյանքի են կոչելու նոր գաղափարներ։
Կարծիքներ