ՀՀ կառավարությունն արցախցիների սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով արդեն հատկացրել է 25 մլրդ
ՀՀ կառավարությունն արցախահայության սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով իրականացվող մի շարք միջոցառումների շրջանակում արդեն հատկացրել է 25 մլրդ դրամ: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
«Պատերազմից անմիջապես հետո կառավարությունը նախաձեռնել է մի քանի միջոցառումներ, որոնք ուղղված են արցախահայության սոցիալական խնդիրների կարգավորմանը: Սոցիալական ոլորտին վերաբերող միջոցառումները 15-ից ավելին են, ընդհանուր առմամբ՝ այդ միջոցառումների մասով այս պահին նախորդ տարեվերջից սկսած արդեն հատկացումները հասնում են մոտ 25 մլրդի: Ծրագրի զգալի մասը դեռևս շարունակվում է, և ընդհանուր ֆինանսավորումը, ըստ հաստատված ծրագրերի, կավելանա ևս 30 մլրդով»,-ասաց Առաքելյանը:
Այդ աջակցության ծրագրերը հիմնականում ուղիղ ֆինանսական աջակցություն են եղել Արցախի քաղաքացիներին: Միջոցառումներից հիմնականը եղել է Արցախի հաշվառում ունեցող քաղաքացիների ֆինանսական աջակցությունը, դրանից բացի, լրացուցիչ աջակցություն է տրամադրվել այն արցախցիներին, որոնք նախկինում բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում: Նախարարը հիշեցրեց նաև, որ Արցախի կառավարության հետ ևս համատեղ մի քանի միջոցառում են իրականացրել: Նախորդ տարեվերջին համաֆինանսավորվել է կենսաթոշակների վճարումն Արցախում: Նաև իրականացվել է Արցախի բնակիչների կոմունալ վճարների փոխհատուցում:
Կարծիքներ