Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով

Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով

Շվեյցարիայի կառավարությունն ուրբաթ հայտարարել է, որ արգելում է արտահանումը լեհ ռազմական մատակարարին, երբ եզրակացրել է, որ շվեյցարական արտադրության փոքր տրամաչափի զինամթերքի մոտ 645 հազար փամփուշտ է հայտնվել Ուկրաինայում՝ խախտելով շվեյցարական օրենքը, հաղորդում է Associated Press-ը:

Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական ​​քարտուղարությունը հայտարարել է, որ լեհական ընկերության արտահանումը կարգելվի, քանի որ «Ուկրաինա վերահղման վտանգը չափազանց բարձր է գնահատվում»։

Քարտուղարությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ ամերիկյան Defence One պարբերականն անցած նոյեմբերին հայտնել էր, որ ուկրաինական ընկերությունը SwissP Defense-ի արտադրած և լեհ ներկրող UMO-ի կողմից մատակարարված 645 հազար զրահահար փամփուշտ է ստացել:

«Հետաքննությունը պարզել է, որ շվեյցարական արտադրողը և լեհական ընկերությունը կնքել են միջնորդական պայմանագիր, որում ասվում է, որ լեհական ընկերությունն իրավունք ունի ռազմամթերք վերավաճառել միայն Լեհաստանում»,- ըստ Associated Press-ի՝ ասված է SECO-ի հայտարարության մեջ:

Հետաքննությունը պարզել է, որ լեհական ընկերությունը «չի կատարել շվեյցարական արտադրողի նկատմամբ պայմանագրային պարտավորությունները, և ռազմամթերքը հայտնվել է Ուկրաինայում»։

SwissP Defense-ը պատասխանել է, որ «մենք միշտ հետևում ենք կանոններին» Շվեյցարիայում և հրաժարվել է բացահայտել հաճախորդների հետ իր հարաբերությունների մասին տեղեկությունները: Շվեյցարիան երկար ժամանակ պահպանել է իր չեզոքությունը համաշխարհային հարցերում, և շվեյցարական օրենսդրությունն արգելում է Շվեյցարիային պատկանող կամ շվեյցարական արտադրության ռազմական տեխնիկա արտահանել հակամարտող երկրներ:

Ընդսմին Շվեյցարիայի կառավարությունն աջակցել է Եվրամիության տնտեսական պատժամիջոցներին Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի պատերազմի առնչությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում