Շարունակվելու են Սևանի մաքրման և անտառների վերականգնման աշխատանքները
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ 2022 թվականին իր ղեկավարած գերատեսչությունն իրականացնելու է 6 ծրագիր՝ 22 միջոցառմամբ:
«2022 թվականի բյուջետային հայտում ներկայացված ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով կազմում է 6 մլրդ 772 մլն դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ցածր է 26,5 տոկոսով: Դա պայմանավորված է «KFW» բանկի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցման ծրագրերի» պայմանագրային ժամկետների ավարտով: Պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարեվերջին»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը:
Միջոցառումների շրջանակում իրականացվելու են անտառվերականգնման աշխատանքներ՝ մոտ 130 հա չափով, շարունակվելու է Սևանա լճի մաքրումը, կատարվելու են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներ և այլն:
Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ նախարարության պահպանման ծախսերը նվազել են 5,8 տոկոսով, ինչը պայմանավորված է ընթացիկ տարում 13 հաստիքի կրճատմամբ:
Նախարարությունն այսօր ունի 215 միավոր հաստիք, որոնցից մի քանիսը, որոնք թափուր են, առաջիկայում նախատեսվում է կրճատել:
Կարծիքներ