ԵԱՏՄ դատարանի դատավորները Անդրեասյանին են ներկայացրել թվայնացման ոլորտի ձեռքբերումները

ԵԱՏՄ դատարանի դատավորները Անդրեասյանին են ներկայացրել թվայնացման ոլորտի ձեռքբերումները

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանին, Արմեն Թումանյանին, Դենիս Կոլոսին և Ալեքսանդր Ֆեդորցովին:

Այս մասին հայտնում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Դատավորները ներկայացրել են ԵԱՏՄ դատարանի ունեցած ձեռքբերումները, հատկապես թվայնացման ոլորտում, ինչը կարող է լավ օրինակ ծառայել Հայաստանի դատական համակարգի էլեկտրոնայնացման գործընթացում:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային տնտեսական կայունությանն առնչվող հարցեր, որի երաշխավորներից է նաև ԵԱՏՄ դատարանը:

Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ դատարանի դատավորները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում արդարադատության նախարարության միջնորդությամբ գումարել քննարկումներ հայ գործարարների մասնակցությամբ, որոնց շրջանակներում գործարարներին հուզող հարցերին կտրվեն պատասխաններ:

Նշենք, որ ԵԱՏՄ դատարանը միության դատական մարմինն է, որն ապահովում է անդամ-երկրների և միության մարմինների կողմից ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կիրառումը միության շրջանակներում: Դատարանի կազմում ընդգրկված են երկուական դատավոր՝ յուրաքանչյուր անդամ պետությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում