Ֆրանսիան Ադրբեջանի զինված ուժերին կոչ է արել վերադառնալ իրենց նախկին դիրքերը
Ֆրանսիան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում նրանց վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության շրջանակներում համաձայնեցված դիրքերին։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպերի, մասնավորապես՝ Փարուխի և Խրամորթի շրջաններում տեղի ունեցած զինված միջադեպերի և զորքերի տեղաշարժի առթիվ: Կոչ է անում ուժերին, որոնք, ինչպես ասվում է, առաջ են շարժվել, նահանջել իրենց նախկին դիրքերը՝ համաձայն հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարության »,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին գազի մատակարարման ընդհատումների կապակցությամբ և պահանջել վերականգնել մշտական կապը՝ բնակչության մատակարարումն ապահովելու համար։
Նշվում է, որ այս հարցը բարձրացվել է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի զրույցների ժամանակ։
Կարծիքներ