Կոբախիձեն Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին իրատեսական է համարում

Կոբախիձեն Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին իրատեսական է համարում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին միանգամայն իրատեսական է համարում և համոզված է, որ հանրապետությունը ՆԱՏՕ-ին կանդամակցի մինչև 2030 թվականը՝ չնայած տարբեր խնդիրներին։

Ավելի վաղ Վրաստանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին։ Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հետ զրույցում Կոբախիձեն ասել է, որ Վրաստանը պատրաստ է փոխադարձ քայլերի և «պրագմատիկ, ռացիոնալ ու արդար մոտեցումների»։

Նա մեկնաբանել է Վրաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները, արտահայտելով այն դիրքորոշումը, ըստ որի հաստատված սահմանափակումները «չեն համապատասխանում հարաբերությունների վերբեռնման հարցում վրացական իշխանությունների սպասումներին»:

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել էր:

Ավելի վաղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ՝ կապված վրաց-ամերիկյան զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգելու հետ։

«Նրանք (Վրաստանի կառավարությունը) վտանգեցին եվրոպական ուղին՝ ընդունելով ռուսական օրենքը (օտարերկրյա գործակալների մասին օրենք) և այժմ սպառնալիքի տակ են դնում մեր ռազմավարական գործընկերությունը, որի վրա հիմնված է մեր պաշտպանական ուժերի հզորացումը և մերձեցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասել էր Զուրաբիշվիլին:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչը քննադատել են Եվրամիությունը և ԱՄՆ-ն, հնչել են կոշտ հայտարարություններ: Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո էր դրել օրենքի վրա, սակայն խորհրդարանը մայիսի 28-ին հաղթահարել է այն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում