Մասնագետը վերահաստատում է՝ դիմակի կրումը կանխում է դեպքերի աճը. վերահսկողությունն ուժեղացվում է
ՀՀ առողջապահության նախարարությունը նկատել է, որ վերջին շրջանում կորոնավիուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանության կանոնները չեն պահպանվում թե բնակչության, թե տնտեսավարողների, երբեմն նաև բժշկական հաստատությունների կողմից:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը վստահեցրեց, որ վերահսկողությունն ուժեղացնում են:
«Վերջին շրջանում անվտանգության կանոնները համատարած չեն պահպանվում թե բնակչության, թե տնտեսավարող կազմակերպությունների կողմից՝ հանրային սննդի ոլորտում, բժշկական կազմակերպություններում, հանրային տրանսպորտում: Այս պահի դրությամբ աշխատում են համապատասխան վերահսկողական մարմինները՝ ուժեղացնելու վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ»,- ասաց Աբովյանը:
Միևնույն ժամանակ, Առողջապահության նախարարությունը նաև ձեռնարկել է հետևյալ միջոցառումը. այս պահի դրությամբ բժշկական կազմակերպություններում իրականացվում է մշտադիտարկում և մեթոդագործնական աջակցության ցուցաբերում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ: Նման միջոցառումներ պարբերաբար իրականացվել են դեռևս նախորդ ամիսներին: «Այս միջոցառումը բավականին արդյունավետ է, քանի որ հոկտեմբեր ամսին բուժաշխատողների շրջանում գրանցվել էր վարակվածության ամենաբարձր ցուցանիշը, նման միջոցառման արդյունքում ուղիղ 1 ամիս անց՝ երկու գաղտնի շրջան տևողություն անց, մենք բուժաշխատողների շրջանում ունեցանք վարակվածության դեպքերի գրեթե 27 անգամ նվազում»,- նշեց Աբովյանը:
Նա հորդորեց նաև բուժաշխատողներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ՝ կանխարգելելով իրենց մոտ հիվանդության առաջացումը, քանի որ բուժաշխատողներն առաջին գծում աշխատողներն են:
Աբովյանը հիշեցրեց, որ արդեն իսկ մի շարք կազմակերպություններ իրականացրել են բազմաթիվ հետազոտություններ, և դիմակի կրումը՝ որպես արդյունավետ միջոց, արդեն ապացուցված է: «Հայաստանում ձեռնարկվող միջոցառումների գնահատման արդյունքներով՝ դիմակ կրելը հունիս-հուլիս ամիսներին նվազեցրեց մեր նոր դեպքերի թիվը: Երբ դիմակ կրելու պարտադիր պահանջ սահմանվեց հունիսի 6-ից, ուղիղ 2 գաղտնի շրջան տևողություն անց մենք ունեցանք ցուցանիշի կտրուկ նվազում՝ 2.8 անգամ: Այսինքն՝ մենք հուլիսի կեսերին և օգոստոսին ունեինք դեպքերի կտրուկ նվազում»,- ասաց նա:
Կարծիքներ