Ոստիկանություն բերման ենթարկվածի մեքենայում հրազեն ու թմրամիջոց կար. երիտասարդը ձերբակալվել է
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները սեպտեմբերի 30-ի երեկոյան օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչներից մեկը մեքենայում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։
Այս մասին հայտնում են Ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ 27-ամյա երիտասարդին հայտնաբերել են Երևանի Հրազդանի կիրճում և, «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկել Մաշտոցի բաժին։
«Օպերատիվ տվյալները ճիշտ էին։ Բերման ենթարկվածը մեքենայից ներկայացրեց գործարանային համարն ու արտադրման տարեթիվը ջնջված «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, ինչպես նաև՝ 24 գրամից ավելի քաշով սպիտակ փոշենման զանգված, որն, ըստ բերման ենթարկվածի՝ մեթամֆետամին է»,-նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ