Բայդենը Թրամփի վարչակազմից պահանջել է դադարել «փաղաքշել Անկարային».հայտարարություն ԼՂ հարցով
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ` ընդգծելով, որ լարվածության ողջ ընթացքում Թրամփի վարչակազմը հիմնականում անհասկանալիորեն պասիվ էր և չներգրավված:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, Բայդենը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հոկտեմբերի 10-ից ուժի մեջ մտնող հրադադարի ռեժիմի խախտմամբ և մարտերի վերսկսմամբ. անօդաչու թռչող սարքերը, ականանետերը և հեռահար հրետանին հարյուրավոր կյանքեր են խլում շփման գծի երկու կողմերում՝ տեղահանելով հազարավոր խաղաղ բնակիչների:
«Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր ո՛չ Նախագահ Թրամփը, ո՛չ էլ պետքարտուղար Պոմպեոն ոչ մի անգամ չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, անգամ երբ տարածաշրջանում բռնկում է: Դիվանագիտությունը Մոսկվային լիազորելու փոխարեն վարչակազմը պետք է առավելագույն ներգրավվածություն ունենա ամենաբարձր մակարդակներում` աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ մարտերը դեէսկալացնելու և երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու համար»,-նշել է Բայդենը։
Նրա խոսքով` Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու՝ վերջինիս ջանքերը: Անհրաժեշտ են հուսալի բանակցություններ հակամարտության տևական լուծման շուրջ:
«ԱՄՆ-ը պետք է դադարեցնի փաղաքշել ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին, ասի, որ հեռու մնան այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը և ռազմական լուծումը խրախուսող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու են: Դիվանագիտական հանգուցալուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել: Դա պետք է անի շտապ, նախքան ավելի շատ կյանքեր կորցնելն ու հակամարտության ընդլայնումը»,-նշել է նախագահի թեկնածուն։
Կարծիքներ