Գյումրիում «չոր նավահանգստի» շինարարությունը կարող է սկսվել 2024 թվականին

Գյումրիում «չոր նավահանգստի» շինարարությունը կարող է սկսվել 2024 թվականին

Գյումրիում «չոր նավահանգիստ» և չոր ինդուստրիալ պարկ կառուցելու ծրագիրը, հավանական է, որ տարեվերջին արդեն հավանություն կստանա ու 2024-ին ծրագրի իրականացումը կմտնի գործնական փուլ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
 

«Մենք պատվիրել ենք և հիմա իրագործման ընթացքում է խորը տեխնիկատնտեսական վերլուծությունը, որն անում է հոլանդական MTBS ընկերությունը: Ընկերության կողմից տրամադրված նախնական զեկույցը ցույց է տալիս, որ կա բավարար պահանջարկ՝ չոր ինդուստրիալ պարկի կառուցման համար: Ըստ պլանի՝ մինչև տարվա վերջ կունենանք վերջնական զեկույցը, որից հետո Հանրային ներդրումային կոմիտեն ևս մեկ անգամ պետք է որոշում կայացնի այդ ծրագիրը շարունակելու և համապատասխան ներդրումներ իրականացնելու վերաբերյալ»,-ասաց նա:
 

Նախարան ասաց՝ կարծում է, որ դեկտեմբերին Հանրային ներդրումային կոմիտեում քննարկումից հետո «չոր նավահանգստի» և չոր ինդուստրիալ պարկի ծրագրի իրականացման համար հավանություն կտրվի: 
 

Ըստ նախարարի, հավանաբար, դա կլինի պետություն-մասնավոր գործընկերության մոդելով: 
 

«Մենք պետք է փորձենք ներգրավել առաջնակարգ օպերատոր՝ տարբեր երկրներից, որը կկարողանա բարձր մակարդակի կառավարում իրականացնել թե՛ ինդուստրիալ պարկի հատվածում, թե՛ լոգիստիկ հատվածում», - ասաց նա: 
 

«Կարծում եմ, որ 2024 թվականին մենք անպայման կանցնենք տենդերի նախապատրաստման և իրականացման փուլերով, նույնիսկ կարող ենք հուսալ, որ 2024-ին որոշ շինարարական աշխատանքներ կսկսվեն», - նշեց Քերոբյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում