Հաջորդ տարի կիրականացվի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նոր միջոցառում
«ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված սոցիալական ապահովության, նպաստների և թոշակների գծով ֆինանսական հատկացումները քննարկվել են նոյեմբերի 5-ին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշել է, որ 2022-ին նախատեսվում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի, սոցիալական նպաստների չափերը: «Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի նպատակն է օժանդակել անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը: Հատկացվելու է ավելի քան 37 մլն դրամ՝ շուրջ 97 հազար 216 ընտանիքի համար:
Եկող տարի բարձրացվելու է խնամքի նպաստի չափը՝ 26 հազար 500 դրամի փոխարեն այն հունվարի 1-ից կլինի 28 հազար 600 դրամ:
Գալիք տարի կիրականացվի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նոր միջոցառում: Ծնելիությունը խթանելու և բազմազավակ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2022-ի հունվարի 1-ից հետո ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ երեխայի ծնողին կնշանակվի և մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը կվճարվի դրամական աջակցություն՝ ամսական 50 հազար դրամի չափով: Միջոցառման իրականացմանն ուղղվելու է 2,925.0 մլն դրամ:
«Սոցիալական փաթեթների ապահովում» ծրագիրը նախատեսված է 130 հազար 687 շահառուի համար: Նախատեսվել է 9,949,8 մլն դրամ:
«Մինչև 2026 թվականը նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ: Հիմա քննարկումների մեջ ենք ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերների հետ»,- ասել է փոխնախարարը:
Կարծիքներ