Աչաջրում անցկացվել է Եվրոպական ժառանգության օրերին նվիրված եռօրյա ճամբար
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» նախագծի շրջանակում Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանը մեկնարկած կրթամշակութային եռօրյա ճամբարն ավարտվել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, երեք օր շարունակ՝ ապրիլի 25-27-ը, Աչաջրի գրադարանի ընթերցողները մասնակցել են նկարչության վարպետության դասընթացի, հեքիաթապատումների, հանդիպումների, գրքերի քննարկումների:
«Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները երեխաներին ներկայացրել են եվրոպական երկրների պատմությունը, գրական ու մշակութային ժառանգության նմուշներ, զրույց-քննարկումների միջոցով նպաստել նրանց քննադատական ու վերլուծական մտածողության զարգացմանը:
Ճամբարի վերջին օրը՝ ապրիլի 27-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները երեխաների համար ընթերցել են անգլիացի գրող Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես ուղտը դարձավ սապատավոր» հեքիաթը, որին հաջորդել է ստեղծագործության շուրջ քննարկումը:
Այնուհետև վիկտորինաների միջոցով ամրապնդվել են եվրոպական երկրների պատմության, գրականության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ ճամբարային օրերին ձեռքբերած երեխաների գիտելիքները:
Նկարչության վարպետության դասընթացի շրջանակում երեխաներն ավարտին են հասցրել իրենց աշխատանքները: Իտալացի նկարիչ Ա. Մոդիլյանիի ստեղծագործություններից ոգեշնչված նրանք ստեղծել են դիմանկարներ, պատկերել ընտրած հերոսների հագուստները հայկական մանրանկարչության զարդանախշերով:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանը վարպետության դասընթացի շրջանակում երեխաներին է փոխանցել նկարչական արվեստի գաղտնիքներն ու հմտությունները: Նշենք, որ առաջիկայում երեխաների ստեղծագործությունները կցուցադրվեն Երևանում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ կրթամշակութային եռօրյա ճամբարի ամփոփման ժամանակ երեխաները կիսվել են իրենց տպավորություններով, ընդգծել նոր գիտելիքների ձեռքբերման այս ձևաչափի անհրաժեշտությունը, որն ապահովում է նաև գյուղական բնակավայրերի երեխաների հագեցած ժամանցը: Մասնակիցներն անկեղծացել են, որ, գիտելիք փոխանցելուց բացի, սա նոր հարթակ էր համագյուղացի երեխաների հետ ավելի մոտիկից ծանոթանալու, համագործակցելու, թիմային աշխատանք կատարելու, ինչպես նաև համատեղ գրքեր ընթերցելու և քննարկելու տեսանկյունից: Երեխաները ցանկություն են հայտնել, որ նմանօրինակ նախագծերը լինեն շարունակական:
Նշվում է, որ եռօրյա ճամբարը կազմակերպել էր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը՝ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» նախագծի շրջանակում: Այն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրում գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային նախագծի շնորհիվ:
Կարծիքներ