Արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից 10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի արտահանումը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հատուկ տնտեսական միջոցառումների և հարկադրված միջոցառումների մասին» Ռուսաստանի Դաշնության օրենքի համապատասխան՝ ՌԴ նախագահի կողմից որոշում է ընդունվել կիրառելու հատուկ տնտեսական միջոցառում:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, որոշման համաձայն՝ արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից 10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը (Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022 թվականի մարտի 1-ի «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված տնտեսական բնույթի լրացուցիչ ժամանակավոր միջոցառումների մասին» № 81 հրամանագրի 1-ին կետի «ж» ենթակետ)։
Նշված արգելքը տարածվում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ արտարժույթի արտահանման վրա, այդ թվում` ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններ: Արգելքը կիրառվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ անկախ վերջիններիս կարգավիճակից (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ)։
10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների հայտնաբերմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են սահմանային հսկողության վայրերում՝ ֆիզիկական անձանց դիտարկման և հարցման ճանապարհով։
Արտահանման համար արգելված ֆինանսական միջոցների և ֆինանսական գործիքների հայտնաբերման դեպքում՝ դրանք չեն առգրավվում և պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ չեն կիրառվում։ Տրամադրվում են պարզաբանումներ՝ ֆիզիկական անձանց ընտրությամբ և հայեցողությամբ արտարժույթը հասանելի միջոցներով Ռուսաստանի Դաշնությունում թողնելու վերաբերյալ։
Կարծիքներ