ՀՀ-ն ամենաակտիվ բարձրագույն մակարդակներում պահպանել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ․ Միրզոյան
Հայաստանը Վրաստանի հետ պահպանել է ամենաակտիվ բարձր և բարձրագույն մակարդակներում քաղաքական երկխոսությունը։
Այս մասին Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Անշուշտ, ընթացիկ տարին և՛ սովորական է մեր ինտենսիվ հարաբերությունների համար, և՛ ինչ-որ առումով՝ առանձնահատուկ. մենք պահպանել ենք ամենաակտիվ բարձր և բարձրագույն մակարդակներում քաղաքական երկխոսությունը:
Երկու երկրների առաջնորդների համանախագահությամբ տարվա սկզբին Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովների 13-րդ նիստը, իսկ մարտին Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Ակտիվ են եղել նաև միջխորհրդարանական կապերը, սրանք ևս շատ մեծ նշանակություն ունեն հարաբերությունների զարգացման համար: Բայց նաև տարին առանձնահատուկ է և անձամբ իմ համար. սա իմ առաջին այցն է Թբիլիսի Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո, և պետք է նկատեմ, որ այս գործընկերության հաստատումից հետո մեր հարաբերությունները սկսել են, և բովանդակությունը այդ հարաբերությունների սկսել է լցվել նոր տարրերով, նոր ուղղություններով, նոր բաղադրիչներով, ինչը շատ ուրախալի է:
Հիրավի, սրընթաց զարգացում են ապրում մեր հարաբերությունները, ունենք հարուստ օրակարգ: Բարձր մակարդակի երկխոսությունից բացի, նաև Հայաստանն ու Վրաստանն արդյունավետ համագործակցություն են ծավալում բոլոր բնագավառներում. տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն և մարդկանց միջև կապեր, շփումներ: Կա նշանակալի առաջընթաց փոխադարձ առևտրում, իսկ մաքսային ոլորտում մեր համագործակցության ընդլայնման միջոցով մենք, իհարկե, կարող ենք հասնել շատ ավելի մեծ, զգալի արդյունքների և նպաստել և՛ գործարար, և՛ մարդկանց միջև շփումների ավելի ջերմացմանը»,- նշել է Միրզոյանը:
Կարծիքներ