Մեգան Մարքլը Բուկինգեմյան պալատից պահանջել է ապացույցներ ներկայացնել իր հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, հայց է ուղարկել Բուկինգհեմյան պալատ՝ պահանջելով իրեն ցույց տալ փաստաթղթեր, էլեկտրոնային նամակներ կամ տեքստային հաղորդագրություններ, որոնք առնչություն ունեն իր ենթականերին «բուլիինգի» (որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ,-Tert.am) ենթարկելու համար իր հասցեին հնչեցված մեղադրանքների հետ:
Այս մասին գրում է Daily Mail-ը՝ Բուկինգեմյան պալատում սեփական իրազեկ աղբյուրին հղումով:
Ըստ այդմ, Մարքլի գրասենյակը գրավոր հարցում է ուղարկել պալատ, որում «ապացույցներ է պահանջել»: Ի պատասխան, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը հայցը փոխանցել է Ուելսի արքայազն Չարլզին, որի ամենամոտ օգնականները ներկայում փաստեր են որոնում:
Times-ը կիրակի հաղորդել էր, որ այս առնչությամբ թագավորական պաշտոնյաներից բողոքների հիման վրա Բուկինգհեմյան պալատի հետաքննությունը կփոխանցվի փաստաբանական գրասենյակի: Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները թերթին հայտնել էին, որ հետաքննության արդյունքում կարող են ջրի երես դուրս գալ «վատագույն միջադեպերը»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Times-ը հայտնել էր, որ 2018-ին Ջեյսոն Քնաուֆը, որն այն ժամանակ արքայազն Հարրիի և նրա կնոջ խոսնակն էր, բողոք է ներկայացրել Մարքլի դեմ: Նրա պնդումների համաձայն՝ Մարքլն իր պահվածքով ստիպել էր իր երկու գործընկերներին թողնել աշխատանքը, ինչպես նաև մեծապես բարդացրել էր մեկ այլ աշխատակցի աշխատանքը:
Միջադեպը հայտնի է դարձել միայն հիմա, քանի որ, ըստ թերթի, այն ժամանակ արքայազն Հարին «աղաչում էր» Քնաուֆին բողոք չներկայացնել: Մեկ ամիս անց Քնաուֆը հրաժարական էր տվել: Բուկինգհեմյան պալատը խոստացել է հետաքննել իրավիճակը:
Կարծիքներ