Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ի մի քանի կառույցներ է խոցել Գազայի հատվածում

Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ի մի քանի կառույցներ է խոցել Գազայի հատվածում

Իսրայելական բանակը հայտնել է Գազայի հատվածում մի շարք կառույցների ուղղությամբ հարված հասցնելու մասին, որտեղ տեղակայված են եղել ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող հրթիռային կայանքները:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ավիահարվածների թիրախում են հայտնվել նաև երկու թունելի մուտքերը:

«ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակի-խմբ.) օդային և ցամաքային ուժերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի հակատանքային հրթիռների արձակման կայանքի ուղղությամբ Բեյթ-Լախիայում: Դատելով ամեն ինչից՝ հենց այնտեղից է առավոտյան հրթիռակոծվել իսրայելական ավտոբուսը»,- ասվում է բանակի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, իսրայելական անօդաչուն հարձակում է իրականացրել «ՀԱՄԱՍ-ի զինված գրոհայինների դեմ այն պահին, երբ նրանք պատրաստվում էին հրթիռ արձակել Գազայի հատվածից»:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:

Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 10-րդ օրն է, ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում