ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը ողջունել է հյուրին, աշխատանքային բեղուն գործունեություն մաղթել և հույս հայտնել, որ երկու երկրների միջև շարուկական կայուն գործակցություն կծավալվի:
 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին բարեմաղթանքների համար և ասել, որ շվեդական կողմը պատրաստակամ է անել հնարավորինը Հայաստանին աջակցելու հարցում: Խոսելով համատեղ ծրագրերից` դեսպանն անդրադարձել է բժշկական կրթությանը, փորձի փոխանակմանը, մասնավորապես` ուռուցքաբանության, արյունաբանության, պատվաստումների, ռադիոթերապիայի, դեղորայքի ձեռքբերման գործընթացի, հոգեբուժական և հոգեկան խնամքի, մանկաբուժության և այլ հարցերին:
 

Երկուստեք քննարկել են նաև հնարավոր համագործակցության ոլորտները` հոգեկան առողջության կարողությունների, մայրական մահացության նվազում և վերարտադրողական առողջության բարելավում, վերականգնողական ծառայությունների ուժեղացում, ինչպես նաև հակաբիոտիկների նկատմամբ կայունության կանխարգելման մեխանիզմներ:
 

Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, հետպատերազմյան և կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել: Անդրադառնալով COVID-19-ի պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացին` Պատրիկ Սվենսոնը նշել է, որ Հայաստանն ու Շվեդիան գրեթե նույն կարգավիճակում են, քանի որ երկուսն էլ բանակցությունների փուլ են անցնում:
 

Անահիտ Ավանեսյանը ընդգծել է, որ առողջապահական համակարգը կարողացել է դիմակայել մարտահրավերներին և հիմա կայուն վերականգնման փուլ է ապրում: «Պատերազմից հետո և այժմ` կորոնավիրուսի պայմաններում, շնորհիվ մեր մասնագետների, կարողացանք ոտքի կանգնել: Մեր բժիշկները հերոսական աշխատանք են կատարել: Համավարակի դեմ պայքարի հաջորդ փուլը պատվաստումների սկիզբը կլինի: Ներկայումս բանակցում ենք տարբեր ընկերությունների հետ»,- եզրափակել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում