ՀԱՊԿ-ն մտադիր չէ ՀՀ-ից հեռանալ, կայացվել են հավասարակշռված և ադեկվատ որոշումներ. Ստանիսլավ Զաս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը մտադրություն չունի Հայաստանից հեռանալ կամ երես թեքել Հայաստանի խնդիրներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ստանիսլավ Զասը այս մասին հայտարարեց տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյոք ՀԱՊԿ-ը Հայաստանից հեռանալ:
«Իհարկե, ոչ: Եվ այն միջոցառումները, որոնք անցկացրել ենք այս տարի, դրա մասին են վկայում: Պետությունների ղեկավարները երեք անգամ քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, սահման է ուղարկվել ՀԱՊԿ համապատասխան առաքելություն, պատրաստվել է համապատասխան որոշում և առաջարկվել է համաձայնեցված միջոցառումների փաթեթ Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, ուստի ՀԱՊԿ-ի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն այս իրավիճակում կատարվել են»,- պատասխանել է Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ նույնիսկ Հայաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այդպիսի գնահատականներ են հնչել, թե ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ պետությունները չեկան և չօգնեցին դեօկուպացնել Հայաստանի տարածքները և ինչ-որ բան անել այնտեղ:
«Բայց պետք է հասկանալ նման քայլերի հնարավոր հետևանքները՝ ընդհուպ մինչև տեղի պետությունների մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը, ուստի, կարծում եմ, որ այն լուծումները, որոնք առաջարկվել են պետությունների ղեկավարներին, այդ թվում ՝ մոնիթորինգային առաքելության արդյունքներով, դրանք շատ ադեկվատ և հավասարակշռված էին։ Դրա համար, ոչ, համաձայն չեմ, որ ՀԱՊԿ-ը փորձում է երես թեքել Հայաստանի խնդիրներից»,- եզրափակեց Զասը:
Կարծիքներ