Մահվան ելքով ավտովթարներ Տավուշի և Արագածոտնի մարզերում (տեսանյութ, լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել Տավուշի և Արագածոտնի մարզերում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարների դեպքերից:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ՝ Գանձաքար գյուղի սկզբնամասում տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 07-ին` ժամը 01:10-ի սահմաններում, տղամարդն իր «BMW» մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին և տեղում մահացել, իսկ ուղևորը դիմել է բուժօգնության։
Նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները:
Ըստ նախնական տվյալների, 2022թ. փետրվարի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, 42-ամյա տղամարդը, իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով, հիշյալ վայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ