ԵՊԲՀ-ում կոռուպցիայի մեջ մեղադրվողների, փոխկապակցված անձանց 88 միավոր գույքի մասին տվյալներն ուղարկվել են դատախազություն

ԵՊԲՀ-ում կոռուպցիայի մեջ մեղադրվողների, փոխկապակցված անձանց 88 միավոր գույքի մասին տվյալներն ուղարկվել են դատախազություն

Ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենսդրական պահանջներից՝ ՀՀ դատախազություն են ուղարկվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի շրջանակում մեղադրվող 5 մեղադրյալների և նրանց փոխկապակցված անձանց անվամբ հաշվառված գույքի մասին տվյալները։ 

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես արդեն տեղեկացվել է, նշված քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանի։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների համաձայն՝ այն դեպքում, երբ հարուցված քրեական վարույթով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել նույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար և կան բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, ապա քրեական վարույթով ձեռք բերված այդ տվյալները փոխանցվում են ՀՀ գլխավոր դատախազությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող վերոնշյալ քրեական վարույթով ձեռք բերված տվյալները կասկած են հարուցում ապօրինի ծագման գույքի առկայության մասին՝ վարույթն իրականացնող մարմինը գրությամբ վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին է ուղարկել վերոնշյալ 5 մեղադրյալների և նրանց փոխկապակցված անձանց անվամբ հաշվառված, նախնական տվյալներով, ընդհանուր առկա 36 և օտարված 15 անշարժ գույքերի, 37 շարժական գույքերի մասին տվյալները՝ դրանցով Դատախազության գործառույթների շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրության վարույթ հարուցելու հիմքերի պարզման և ըստ այդմ իրավական գործընթաց նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով։    

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվծկարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում