ԵԽ լիտվացի պատգամավորը մեղադրել է Եվրամիությանը հայ-ադրբեջանական պատերազմում պասիվ դիտորդի դերում մնալու համար
Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2020 թվականի աշնանը տեղի ունեցած պատերազմական գործողությունների ժամանակ Եվրամիությունը հանդես էր գալիս պասիվ դիտորդի դերում: Եվրամիությունը չօգտագործեց իր ազդեցությունը՝ կանխելու այդ գործողությունները:
Այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց ԵԽ «Renew Europe» խմբավորման անդամ, լիտվացի պատգամավոր Պետրաս Օշտրավիչիուսը:
«Եվրամիությունը պետք է նախաձեռնի ու ակտիվորեն մասնակցի խաղաղության գործընթացին ու աջակցի իր կարևոր արևելյան գործընկերներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին այդ թվում և վստահության կառուցման, համագործակցության ու տևական խաղաղության հաստատման գործում»,- նշեց լիտվացի պատգամավորը:
Նա տեղի ունեցած պատերազմը իսկական ողբերգություն անվանեց հայ ու ադրբեջանցի ժողովուրդների համար:
«Պետք է հնարավոր ամեն բան արվի՝ հակամարտությունից անցնելու դեպի խաղաղ համակեցություն: Ռազմագերիների, գերիների ու այլ կալանավորված անձանց ազատ արձակումը առաջ գնալու ճանապարհն է: Կարևոր չէ, թե քանի ռազմագերի է մնացել, մարդկային կյանքը սուրբ է»,- հայտարարեց Օշտրավիչիուսը՝ ընդգծելով, որ ռազմագերիների կյանքին ու առողջությանը պետք է ոչինչ չսպառնա, նրանց արժանապատվությունը չպետք է նսեմացվի:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է: Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին, հաստատվել է գերիների սպանության 19 դեպք:
Կարծիքներ