ԱԺ արտահերթ նիստ կկայանա, ներկա կլինի նաև Նիկոլ Փաշինյանը
Այսօր 18:00-ին կկայանա ԱԺ արտահերթ նիստը, որը նախաձեռնել է ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նիստի ընթացքում կքննարկվի վարչապետի պաշտոնակատարի կողմից հայտարարված փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցը:
Առավոտյան լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ հենց հիմա կազմում են հայտարարության տեքստ, որը հիմք է ծառայելու արտահերթ նիստ գումարելու համար:
«Հայտարարության տեքստի բովանդակությունը մոտավորապես հետևյալն է լինելու՝ ՀՀ սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն՝ քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում նշված փաստաթուղթը պետք է վավերացվի ՀՀ խորհրդարանում: Երկրորդը՝ ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ոչ խորհրդարանի պատգամավորները, ոչ էլ, կարծում եմ, կառավարության անդամների մեծ մասը, ոչ էլ որևէ ընտրված այլ պաշտոնյա»,- ասել էր Մարուքյանը:
Կայանալիք նիստին ներկա են լինելու ԲՀԿ պատգամավորներն ու նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ